Հայաստանում շատ մարդիկ ավտոմեքենա գնելիս հիմնականում ուշադրություն են դարձնում այն հարցին, թե իրենց բյուջեի սահմաններում տվյալ պահին ինչ մեքենան է առավել պահանջված կամ «մոդայիկ»։ Սակայն շատ քչերն են իրականում հաշվարկում ավտոմեքենա ունենալու իրական արժեքը։
Մեքենան միայն գնման արժեքը չէ։ Այն իր հետ բերում է նաև մի շարք մշտական ծախսեր, որոնք հաճախ չեն հաշվարկվում նախքան գնում կատարելը։
Այս հոդվածում փորձենք պարզ հաշվարկով հասկանալ, ավտոմեքենա ունենալու իրական արժեքը Հայաստանում։
3 միլիոն դրամ արժողությամբ մեքենայի օրինակ
Եկեք դիտարկենք պարզ օրինակ։
Պատկերացնենք, որ դուք գնում եք 3 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենա և նախատեսում եք այն օգտագործել մոտ 4 տարի, ապա վաճառել և գնել ավելի նոր մեքենա։
Առաջին հայացքից թվում է, որ դուք պարզապես վճարում եք 3 միլիոն դրամ և վերջ։ Բայց իրականում կան մի քանի կարևոր գործոններ։
Կորցրած բանկային տոկոսներ
Եթե այդ 3 միլիոն դրամը մնացած լիներ բանկում որպես խնայողություն, ապա այն կարող էր տարեկան բերել որոշ եկամուտ։
Միջին հաշվով Հայաստանում նման գումարի համար կարելի է ստանալ մոտ 250,000 դրամ տարեկան տոկոս։
Սա նշանակում է մոտավորապես՝
20,000 դրամ ամսական եկամուտ,
որը դուք կորցնում եք, երբ այդ գումարը ծախսում եք մեքենա գնելու համար։
Ավտոմեքենայի արժեզրկում
Ավտոմեքենան ժամանակի ընթացքում կորցնում է իր արժեքը։
Եթե դուք գնում եք 3 միլիոն դրամ արժողությամբ մեքենա, ապա մեծ հավանականությամբ 4 տարի հետո այն կարող եք վաճառել մոտավորապես 2 միլիոն 500 հազար դրամով։
Այսինքն մեքենան կէժանանա մոտ 500,000 դրամով։
Եթե դա բաժանենք 4 տարվա կամ 48 ամսվա վրա, կստացվի մոտավորապես՝
10,000 դրամ ամսական արժեզրկում։
Պարտադիր վճարներ
Հայաստանում ավտոմեքենա ունենալը ենթադրում է նաև մի շարք պարտադիր վճարներ։
Եթե հաշվենք նվազագույն թվերով, ապա կունենանք մոտավորապես հետևյալ պատկերը․
ԱՊՊԱ ապահովագրություն – մոտ 5000 դրամ ամսական
Գույքահարկ – մոտ 1000 դրամ ամսական
Տեխզննում – մոտ 1000 դրամ ամսական
Ընդհանուր պարտադիր վճարները կազմում են մոտավորապես՝
7000 դրամ ամսական։
Թեև այս վճարները սովորաբար կատարվում են տարեկան, բայց ընդհանուր պատկեր ստանալու համար դրանք հաշվարկում ենք ամսական կտրվածքով։
Տեխսպասարկման ծախսեր
Ավտոմեքենան նաև պահանջում է պարբերական սպասարկում։
Նույնիսկ եթե մեքենան երբեք չի վթարվում, դուք ստիպված եք լինելու ժամանակ առ ժամանակ կատարել հետևյալ ծախսերը․
յուղերի փոխարինում
ֆիլտրների փոխարինում
անվադողերի փոխարինում
մարտկոցի փոխարինում
փոքր տեխնիկական աշխատանքներ
Եթե վերցնենք շատ համեստ հաշվարկ և ենթադրենք, որ տարեկան կատարում եք մոտ 50,000 դրամի սպասարկում, ապա ամսական կտրվածքով դա կլինի մոտավորապես՝ 4000 դրամ։
Ընդհանուր հաշվարկը
Եկեք ամփոփենք մեր հաշվարկը։
Ամսական ծախսերը կստացվեն մոտավորապես հետևյալը․
կորցրած բանկային տոկոսներ – 20,000 դրամ
մեքենայի արժեզրկում – 10,000 դրամ
պարտադիր վճարներ – 7,000 դրամ
տեխսպասարկում – 4,000 դրամ
Ընդհանուր՝
մոտ 41,000 դրամ ամսական։
Եվ սա դեռ չի ներառում հետևյալ ծախսերը․
վառելիք
կայանատեղի
ավտոլվացում
տուգանքներ
անսպասելի վերանորոգումներ

Արժե՞ արդյոք մեքենա գնել
Այս հաշվարկը չի նշանակում, որ ավտոմեքենա ունենալը վատ որոշում է։
Շատ մարդկանց համար մեքենան անհրաժեշտություն է․ այն կարող է խնայել ժամանակ, հեշտացնել աշխատանքի հասնելը կամ անհրաժեշտ լինել բիզնեսի համար։
Սակայն եթե մեքենան ձեր աշխատանքի կամ եկամտի մեջ մեծ դեր չունի, ապա ցանկալի է նախ հաշվարկել բոլոր ծախսերը և հասկանալ՝ արդյոք այն իսկապես բարելավելու է ձեր կենցաղը, թե պարզապես ավելացնելու է ամսական ծախսերը։
Ճիշտ հաշվարկը միշտ օգնում է կայացնել ավելի խելամիտ ֆինանսական որոշումներ։
կարդացեք նաև
Բնակարան գնել, ավտոմեքենա, թե ներդնել բիզնեսում․ ինչ ընտրել եթե գումար ունեք







